Կօրած մանուշակներ

Մանուշակները չեն սիրում, երբ իրենց տեղափոխում են: Նրանք ահավոր տնակյաց են: Կպչում են իրենց որևէ մի լուսամուտագոգին և վերջ: Մանուշակները բազմագույն են: Ճիշտ է, տրամաբանության կանոններով, եթե մանուշակագույն երանգ կա, ուրեմն մանուշակը ինչ-որ հատուկ գույն ունի, որի անունով էլ երանգն անուն է ստացել: Բայց մանուշակները լիքը երանգներ ունեն` վարդագույն, սպիտակ, կարմիր, կապտավուն մանուշակներ էլ կան: Շատ մանուշակներ կան, որ մի քանի գույներ ունեն: Ցողունի մոտ վարդագույն են, թերթիկների ծայրին` սպիտակ: Ասենք, գնում ես Ստամբուլի հին այգով, Սուրբ Սոֆիայից դուրս ես եկել, ուղեղդ անջատված է այլանդակված հունական եկեղեցու տեսքից: Ոտքերդ մտովի դեռ գնում են դարավոր սալերի վրայով, որոնք իրական տաճարից պահպանված գրեթե միակ շոշափելի բանն են, իսկ շուրջդ մանուշակներ են: Այգում, հողի մեջ: Այս մանուշակները բացօթյա են, նրանք ապրում են դրսում, գուցե տան կարիք էլ չունեն: Բայց հասկանում եք, այս մանուշակները բացառություն են: Իսկական մանուշակները մանուշակագույն են ու սիրում են նստել լուսամուտագոգին: Իսկական մանուշակները նեղանում են, երբ իրենց տեղափոխում են: Թեկուզ նույն տան մեջ, բայց ուրիշ սենյակ: Մանուշակները քոչվոր չեն ու չեն կարող աճել այգում, հողի մեջ:

Ես կարող էի նստել այդ այգում, անմիջապես ափի մոտ ու նայել Բոսֆորով անցնող հազարումի նավերին: Ես չգիտեմ` արդյոք նավի վրա մանուշակներ աճում են: Ես գնում եմ փողոցով ու մեջքս ջարդվում է քայլելու անհրաժեշտությունից: Ես հետ եմ սովորել քայլելուց, որովհետև ամեն տեղ նստած եմ գնում: Մեքենայում, գնացքում, ինքնաթիռում: Ու նույնիսկ Բոսֆորով անցնող նավում: Բայց այստեղ մանուշակներ չկան: Ձուկ են խորովել ու մատուցում են: Մանուշակները չի կարելի խորովել: Իսկ ձնծաղիկը տեսել եմ: Ձնծաղիկը թթու են դնում և ուտում են: Գուցե ձկան խորովածի հետ:

Երբ ձմեռը դեռ չի վերջացել ու ամբողջ քաղաքը գորշավուն մշուշի մեջ է, մարդիկ դաշտերից ձնծաղիկ ու մանուշակ են բերում, փոքրիկ փնջեր անում ու նստում մայթերին: Դաշտերի մանուշակները ուրիշ են: Մանուշակի նման էլ չեն: Միգուցե իսկի տնակյաց էլ չեն ու կյանքում լուսամուտագոգ չեն տեսել: Չգիտեմ: Գուցե մենք ենք հնարել մեր մանուշակագույն տնակյաց մանուշակներին ու նստել մեր տներում: Գուցե հեշտ է նրանից, որ մանուշակը մանուշակագույն է և տեղափոխվել չի սիրում: Որովհետև պետք չի բացատրել, ինչու էիր դու բերել սպիտակ մանուշակի մի ճյուղը, դրել ջրի մեջ, սպասել, մինչև արմատակալել էր, դրել էիր հողի մեջ, լուսամուտագոգին: Ու ամեն օր սպասում էիր, որ առավոտյան արթնանալու ես, իսկ մանուշակը ծաղկած է լինելու սպիտակ ծաղիկներով: Գիտես, մանուշակը ծաղկեց: Ու իսկապես սպիտակ ծաղիկներով: Ահավոր սիրուն: Գիտես Ստամբուլի այգում էլ մանուշակները շատ սիրուն են: Շատ-շատ սիրուն: Գիտես, ձմռան կեսին Լոռու դաշտերում ծաղկած ալպիական մանուշակներն էլ սիրուն են, չքնաղ մի բան: Գիտես, մանուշակների մասին հազար գիրք կա, բայց մի հազարն էլ կարելի է գրել: Գիտես, էս ամեն ինչը կարևոր չի, որովհետև… Ասել եմ, չէ, որ բոլոր պատճառները վերջանում են հենց էս բառով: Ինձնից պատասխաններ մի սպասիր: Ես ծաղիկներ չեմ պահում: Ինձ նվիրած բոլոր ծաղիկները չորանում են: Ու ես մանուշակ չունեմ, իմ լուսամուտագոգերն էլ շատ նեղ են, ոչ մի թաղար չեն տեղավորի: Երբեք չեմ խոստովանի, բայց գուցե ես չեմ արժանացել մանուշակ պահելուն: Ու ինձ մնացել է միայն քո սպիտակ մանուշակի հիշողությունը:

Այս նյութը պատկանում է Ընթերցողի գործեր բաժնին:

Մեկ արձագանք Կօրած մանուշակներ

  1. ammy -ը ասել է:

    Isk inchu “korats manushak”?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>