Բաբուլյը եւ իմ սեռական օրիենտացիան
Կյանքումս երբեք Հայաստանից այսքան երկար չեմ բացակայել։ Որ ասեմ՝ կարոտից գժվում եմ՝ սուտ կլինի։ Երեւի այն պատճառով, որ տեղափոխվելիս գիտեի՝ մշտական եմ տեղափոխվում, ու նաեւ եկածս տեղը՝ Մերձմոսկովստան (իմ ստեղծած բառը), շատ էլ լավն է։ Բայց մի քանի հետաքրքիր փոփոխություններ եմ նկատել իմ մեջ։ Նախ որ՝ չնայած ամբողջ կյանքումս Երեւանում տանը համարյա թե մենակ ռուսերեն եմ խոսել, այստեղ ուզում եմ տանը հայերեն խոսել։ Էլ չեմ ասում՝ գրել, դրա համար էլ կոմպյուտերիս հայերեն ֆոնտեր քաշեցի։ Հետս բերած մի տասը-տասնհինգ հայերեն գրքերը բոլորն արդեն մի քանի անգամ նորից եմ կարդացել ու ամեն օր մինչեւ չեմ հետեւում հայերեն ինտերնետին, չեմ հանգստանում։
Էս անսպասելի կարոտը հայոց բանավոր եւ գրավոր լեզվի հանդեպ՝ մեկ։ Մյուս հետաքրքիր փոփոխությունն այն է, որ սկսել եմ շատ հիշել անցյալը։ Մանավանդ օղորմած բաբուլյիս՝ տատիս։ Նամանավանդ երբ փողոցում ռուս ծեր կանայք եմ տեսնում։ Օղորմի տատիս։ Ինքն էլ ռուս էր ու հիմա թաղված է հայկական հողում, իսկ մենք իբր հայ ենք, բայց ապրում ենք, ու երեւի թե մեզ կթաղեն ռուսական հողում։ Մի խոսքով, փոխանակում է տեղի ունեցել։
Երբ սկսեցի գրել մի քանի, այսպես ասած, բանաստեղծություներ, ու մի ծանոթի միջոցով տպագրվեցին «Բնագրում», դրանք վերաբերում էին իմ սեռական օրիենտացիային ու փորձին։ Հետո «Բնագրի» ինտերնետային էջում ահագին տգեղ արձագանքներ կարդացի գրածներիս հասցեին (լավ բաներ էլ կային, իհարկե), մինչեւ անգամ՝ ինձ սպանելու կոչ։ Վերջերս երբ նորից հայերեն գրելու պահանջ ունեցա (բայց այս անգամ՝ արձակ, քանի որ, ինչպես տեսնում եմ, բանաստեղծություն գրելը ամեն մարդու բան չէ), էլի ուզեցի գրել իմ սեռական օրիենտացիայի՝ Հայաստանի համար բարդ հարցի մասին։ Բայց ստացվեց շատը բաբուլյիս մասին։ Երեւի էն պատճառով, որ տատս մնաց հարազատներիցս միակը, որ իմացավ իմ մասին։
Նախ ասեմ, որ սիրուն տեսքով, մազերը կարմիր ներկած, մուգ կապույտ աչքերով բաբուլյս՝ Ե. Ա...ովնան, Երեւանի ռուսական դպրոցներից մեկում երկար տարիներ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է եղել։ Ակտիվ կին էր՝ շատ կարդացած եւ շատ պրոգրեսիվ։ Կարծես Ստալինի ժամանակներից չէր գալիս։ Ու էնպես ստացվեց, որ հենց ամենասկզբից «այդ» թեմաներով խոսակցությունները տատիս հետ եղան։ Երեւի երրորդ դասարան էի, որ կարդացի «Տասներկու աթոռը» (պարզ է՝ ռուսերեն)։ Այնտեղ գրված էր, որ Էլլոչկա Շչուկինայի ընկերուհի Ֆիմկա Սոբակը մի բառ գիտեր, որ Էլլոչկան չգիտեր։ Դա շատ հազվագյուտ բառ էր՝ «գոմոսեկսուալիզմ»։ Երբ այդ տողերը կարդում էի, տանը ոչ մեկ չկար՝ բաբուլյից բացի, ես էլ նրան հարցրի.
- Բաբուլյ, ի՞նչ է նշանակում «գոմոսեկսուալիզմ»։
Տատս, հիշում եմ, այդ պահին կաղամբ էր կտրտում (երեւի բորշչի համար, մեր տան ճաշ պատրաստողն էր)։ Ակնոցի տակից նայեց ինձ ու հարցրեց.
- Իսկ դու ի՞նչ ես կարդում։
- «Տասներկու աթոռը»։
- Ա, հիշեցի, Ֆիմկա Սոբակը,- տատս մեկ էլ տեսար այնպիսի մանրամասներ էր հիշում ռուս գրականությունից։ - Դե... դա բժշկական տերմին է։
- Այո, բայց ի՞նչ է նշանակում։
- Արյան հետ կապված բան է,- տեղում հնարեց տատս, եւ խոսակցությունը փակվեց։
Դրանից հետո ես կարդացի Յ. Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները»։ Այդ նույն «գոմոսեկսուալիզմ» բառն այնտեղ էլ հանդիպեց։ Այդ պահին տանը մարդ չկար, եւ այս անգամ ես ուզեցի ինքս բառարանով ստուգել, թե դա արյան հետ կապված ի՞նչ բժշկական տերմին է։ Բացեցի ռուսերենի բացատրական բառարանը եւ տեսա, որ լրիվ ուրիշ բան է գրված։
Երբ տատս տուն եկավ, առաջին բանը, որ նրան ասացի, սա էր.
- Բաբուլյ, դու ճիշտը չգիտես՝ ինչ է նշանակում «գոմոսեկսուալիզմ»։ Ես այսօր բառարանում նայեցի,- ու ասացի, թե ինչ եմ կարդացել բառարանում։
Բաբուլյս լռեց, հետո ասաց.
- Այո, ես ասում էի, որ դա բժշկական տերմին է։
- Բայց ճի՞շտ է, որ դա այլանդակություն է։
- Ախ, ...չիկ, եթե բառարանում այդպես է գրված, ուրեմն այդպես էլ կա։
Բաբուլյս պրոգրեսիվ կին էր, բայց երրորդ դասարանցի երեխային ավել բան չէր կարող ասել։ Ես հիշում եմ նրա ելույթները մեր հասարակության հետադեմ պահպանողականության մասին, ու որ բոլորին ազատ մտածել էր քարոզում։ Ինքն էլ շատ ազատ է ապրել կյանքում։ Ժամանակին շատ սիրուն է եղել, եւ մայրս ասում էր, որ մի քանի անգամ կոտոշներ է դրել օղորմած պապիս գլխին։ Թե մայրս դա որտեղից գիտեր, երեւի սովորական բամբասանք էր ռուս կեսուրի հասցեին։ Բաբուլյս շատ էր սիրում Հայաստանը, բայց այդպես էլ հայերեն կարգին խոսել չսովորեց։ Միակ հայերեն խոսքը, որ սովորություն ուներ ասել՝ «Սո՛ւս մնա»։ Համենայն դեպս, իր ռուս հալով նա ավելի էր հայերին սիրում, քան բակինկա մայրս։ Մայրս Բաքվի գովքն էր անում մինչեւ 88 թիվը՝ Երեւանը համարելով պրովինցիալ։ Հետո այդ թեմայով մինչեւ հիմա լռում է, քանի որ շարժումից հետո Բաքվում նրա քեռու աղջկան բռնաբարեցին եւ ծեծեցին, ու նա մի խալաթով փախավ մորս գովական քաղաքից։ Իսկ 88-ին բաբուլյս ակտիվացել էր, գնում էր միտինգների, ես ու եղբայրս էլ նրա հետ, իսկ ծնողներս անտարբեր էին։ Ես այն ժամանակ 14 տարեկան էի ու նոր էի հասկացել, որ այդ «գոմոսեկսուալիզմ» կոչված բանի հետ ես ինչ-որ կապ ունեմ։ Դա զարմանալի էր, վախենալի եւ անհասկանալի։
Քանի որ ծնողներս ամբողջ օրը աշխատում էին, բաբուլյն էլ արդեն թոշակի էր, եղբայրս էլ արդեն մեծ էր ու առանձին էր ապրում, ես մնում էի տատիս հետ։ 88 թվին էր, որ մի անգամ դասադուլ արեցինք ու իմ ամենամոտիկ ընկերոջ հետ եկանք մեր տուն։ Այդ ընկերս սիրուն տղա էր՝ կես ուկրաինացի։ Ես հասկանում էի, որ սիրահարված եմ իրեն։ Սկսեցինք այդ ընկերոջս հետ կիսահանված գզվռտվել, իբր թե ըմբշամարտով ենք զբաղվում, երբ բաբուլյն եկավ ու սկսեց վրաներս գոռգոռալ։ Ես վախեցա, որ բաբուլյն ինձ մեղքի պահին բռնել է, քանի որ ես էլ, ընկերս էլ շատ գրգռված էինք ու եթե բոյով մեկ կանգնեինք՝ մեր վրայից կերեւար, որ մեր ըմբշամարտը իսկի էլ անմեղ չէր։ Դրանից հետո երբ այդ ընկերոջս հետ մեր տուն էի գալիս, բաբուլյը շուտ-շուտ գալիս էր իմ սենյակն ու մեզ հետեւում՝ հո անթույլատրելի բաներ չե՞նք անում։ Իսկ ես ու ընկերս արդեն իրար սեր էինք խոստովանել (ավելի ճիշտ կլինի ասել՝ սեքս էինք խոստովանել) ու հարմար առիթի էինք սպասում, բայց հարմար առիթ չէր լինում։
88 թվի դեկտեմբերին բաբուլյս մի օր առավոտից գնաց մի ընկերուհու տուն, որի ամուսինը նոր էր մահացել։ Տունն ազատ էր լինելու մի քանի ժամով, ես էլ որոշեցի դասից փախնել ու ընկերոջս հետ գնալ մեր տուն ու վերջապես մի բան անել, թե չէ արդեն երկուսս էլ չէինք դիմանում։ Հազիվ էինք սկսել մի բան անել, երբ ամեն ինչ սենյակում սկսեց դողդողալ։ Ոնց որ աստված մեզ պատժեր, որ ուզում ենք մեղք գործել։ Երկուսս էլ ահավոր վախեցանք, դե 14 տարեկան էինք, շուտ հագնվեցինք ու տնից իջանք։ Ինչ-որ ժամանակ հետո հանգստացանք, կարող էինք բարձրանալ ու շարունակել հազիվ սկսած գործը, բայց արդեն բաբուլյը եկավ ու ասաց, որ շատ ուժեղ երկրաշարժ է եղել։ Դրանից հետո երկար ժամանակ այդ ուղղությամբ ոչ մի բան չէի ուզում անել։ Շատ վախեցած էի։ Այդ մասին մտածելիս հիշում էի սարսափելի երկրաշարժը ու մտքիցս հանում էի։
Բայց ֆիզիոլոգիան իրենն անում է։ Ի վերջո ես սկսեցի ապրել այդ կյանքով, հատկապես բանակից հետո։ Մի անգամ տատի հետ երկուսով էինք տանը։ Այդ ժամանակ ես Ս. անունով մի տղայի հետ էի ինտիմ հարաբերություննների մեջ, որ մեր տուն գնում-գալիս էր, բայց ծնողներիս մտքով չէր էլ անցնում, որ մեր մեջ ընկերությունից բացի ուրիշ բան կա։ Ես ինչ-որ բան էի կարդում, տատս էլ անջատված նստած էր իր տեղը, մեկ էլ հանկարծ հենց այնպես հարցրեց.
- Դու վերջնականապես կողմնորոշվե՞լ ես քո սեքսուալ նախասիրությունների մեջ։
Ես հանկարծակիի եկա։
- Ի՞նչ ես խոսում, բաբուլյ,- կակազելով հարցրի ես։
- Կարծեմ պարզ ասացի։ Ես գիտեմ, որ դու տղաների հետ ես սիրում... Դու եւ Ս -ն սիրահարներ եք, այնպես չէ՞...
Ես վախեցած նայեցի բաբուլյիս ու կարծես այդ պահին տեսա, թե որքան է նա ծերացել։ Դժվար տարիները նրան շատ էին փոխել։ Իմ՝ բանակում ծառայելու տարիներին նա շատ էր փոքրացել, չորացել էր։ Տեսողությունը շատ էր վատացել, այլեւս չէր կարդում։ Տնից դուրս չէր գալիս։ Այն հաճելի ռուս տատիկը չէր այլեւս, որ իր արտաքինի մասին էր մտածում, որ քթի տակ երգում էր ռոմանսներ ու համով ճաշեր էր պատրաստում։ Արդեն ժամերով նստում էր բազկաթոռին, երկար լռում էր։ Իսկ հիմա ինձ մի բան ասաց, որից ես ցնցվեցի։ Ես եւ Ս-ն ոչ մի առիթ չէինք տվել, որ բաբուլյը նման կասկած ունենա, բայց նա, ահա, ունի եւ շատ էլ համոզված է խոսում։
- Բաբուլյ, պետք չի,- ասացի,- ես եւ Ս-ն ընկերներ ենք... եւ եթե անգամ այդպես էլ լիներ՝ դա աշխարհում ոչ մեկին չի վերաբերում։
- Ես գիտեմ, որ այդպես է, չփորձես ինձ հակառակն ապացուցել։ Բայց ես հո քեզ չեմ մեղադրում, ...չիկ,- ասաց բաբուլյը։ - Աստծու սիրուն, դա ձեր գործն է։ Ես որպես տատիկ իհարկե կուզեի, որ այդպես չլիներ, բայց ի՞նչ կարող եմ անել։ Կարեւորը՝ որ լավ մարդ լինեք։ Միայն մի հարց եմ ուզում ինձ համար պարզել։ Կարո՞ղ եմ հարցնել։
- Ասա, բաբուլյ։
- Երբեւէ աղջկա հետ փորձե՞լ ես։
- Փորձել եմ, բաբուլյ։
- Եվ վա՞տ էր։
- Չէ, վատ չէր։
- Իսկ ի՞նչ ես կարծում, երբեւէ կուզե՞ս ամուսնանալ, երեխա ունենալ։
- Երեւի կուզեմ, բաբուլյ։
- Դա լավ է,- թեթեւացած շունչ քաշեց տատս,- ավելի լավ է բիսեքսուալ լինել, քան լրիվ պեդերաստ։
Ես ծիծաղս հազիվ պահեցի։ Եվ այլեւս ոչ մի խոսակցություն այդ թեմայով մեր մեջ չեղավ։ Միայն երբ Ս-ն գալիս էր մեր տուն, ու թեկուզ ընկերական մենք կպնում էինք իրար, բաբուլյը այնպես էր ինձ նայում, որ հասկանում էի, թե ինչ է մտքում։ Այդ պատճառով էլ խնդրեցի Ս. -ին էլ մեր տուն չգալ։ Բաբուլյը այդպես էլ այդ թեմայով ոչ մի բան չասաց մինչեւ իր մահը՝ 99 թվի վերջին։ Ես ընկերոջս՝ Ս.-ին, արգելեցի ներկա գտնվել բաբուլյի թաղմանը։ Նա շատ զարմացավ, բայց ես ոչ մի բացատրություն չտվի։ Հո չէի՞ ասելու, որ ինձ թվում էր, թե այդ դեպքում բաբուլյս դագաղից պիտի ինձ նայի հանդիմանական հայացքով...
Մերձմոսկովստան
Մորուք քաչալը
Ամառ ժամանակ էր։ Բանակից նոր էի վերադարձել։ Կինոյի տան առաջ կանգնած՝ մարդ էի սպասում։ Մարդն էլ չէր գալիս, ու ես ներվայնացած ծխում էի։ Այն ժամանակ ձեռքի հեռախոս չկար, որ կարողանայիր զանգել։ Մեկ էլ չգիտեմ որտեղից մի մարդ ծլեց կողքս։ Մի քաչալ ու սեւ-սպիտակ մորուքավոր մարդ էր, 55-60 տարեկան, ինտելիգենտ տեսքով։ Ինձ ժպտալով ռուսերեն բարեւեց ու մի սիգարետ խնդրեց։ Տվեցի եւ նրանից «օ՜»- ով քաղցրացած շնորհակալություն ստացա, քանի որ տվածս սիգարետն ընտիր էր։ Դժվար տարիներն էին, բայց ես եղբորս սպոնսորության շնորհիվ երբեք ոչ լավ սիգարետի, ոչ էլ ուրիշ մի բանի կարիքը չեմ զգացել։
Քաչալ մորուքը կրակ էլ խնդրեց։ Ես վառեցի նրա սիգարետը եւ կրակվառիչս էլ տվեցի իրեն։ Այս անգամ շնորհակալությունը շատ ավելի պաթետիկ հնչեց։ Եթե բոմժի մեկը լիներ՝ չէի տա։ Բայց այդ աննշան նվերը տալով՝ ինձ կրակը գցեցի։ Թեեւ առանց այդ բանն անելու էլ քաչալը մտքին դրել էր ինձ խոսացնել, քանի որ ասաց.
- Հայերե՞ն խոսենք, թե՞ ռուսերեն։
- Ինձ համար մեկ է։
Բայց քաչալ մորուքը շարունակեց ռուսերեն։ Նկատել եմ՝ հայախոս հայերը նախընտրում են ռուսերեն խոսել՝ թեկուզ սխալներով, բայց ռուսախոս հայերը նախընտրում են հայերեն չխոսել, թեկուզ նրանց ռուսերենն էլ հաճախ մի բան չէ։
- Դուք այս կողմերո՞ւմ եք ապրում,- հարցրեց։
Ես գլխով արի։
- Ես էլ ա՛յ այս շենքում եմ ապրում։ Ես ձեզ էլի եմ տեսել... դուք այնքան հիշվող դեմք ունեք։ Ձեր սերնդի մեջ շատ հազվագյուտ են նման կիրթ դեմք ունեցողները։ Իսկ դուք մաքուր հա՞յ եք...
«Սկսվեց, կապում է»,- մտածեցի ես եւ ինչ-որ տհաճություն զգացի։ Ինձ մինչեւ հիմա 30 տարեկանից բարձր ոչ մեկը չէր փորձել կապել։ Բայց քաչալ մորուքը շատ քաղաքավարի էր։ Նա ներկայացավ՝ ձեռքս երկար-բարակ սեղմրտելով։ Ճարտարապետ է։ Մենակ է ապրում։ Սիրում է նկարչություն եւ երաժշտություն։ Ուզեց իմանալ, թե ես ինչով եմ զբաղվում։ Երբ իմացավ, որ բանակից նոր եմ վերադարձել եւ ուզում եմ պոլիտեխնիկ ընդունվել, սկսեց ակտիվ հետաքրքրվել հայ ազգային բանակով եւ պոլիտեխնիկով, քանի որ ինքն էլ է այդ ինստիտուտն ավարտել։
Արդեն տաս րոպեի չափ գլուխս տարել էր, երբ միանգամից ասաց.
- Քան թե այսպես փողոցում կանգնած խոսում ենք, գուցե ավելի լավ կլինի գնալ ինձ մո՞տ։ Ես լավ սուրճ ունեմ։ Հետաքրքիր ալբոմներ ձեզ ցույց կտամ։ Կատու սիրո՞ւմ եք, ես կատուներ ունեմ...
Ի՞նչ անեի։ Ընկերս ուշանում էր, ես էլ տուն գնալու հավես չունեի, ուրիշ անելու բան էլ չունեի, մյուս կողմից էլ մեջս հետաքրքրություն մտավ տեսնելու, թե էս բիձեն իսկապե՞ս ուզում է ինձ կապել, թե պարզապես ուզում է շփվել։ Համաձայնվեցի, եւ քաչալ մորուքի աչքերը պսպղացին, փայլփլեցին, շողշողացին, մի խոսքով, եղան այս բառի բոլոր հոմանիշները, որոնցով հարուստ է հայերեն լեզուն։
Բնակարանը վատը չէր՝ գրքեր, նկարներ, ֆլորա եւ ֆաունա։ Նրա ունեցած բոլոր կատուները Լատինական Ամերիկայի պրեզիդենտների անուններով էին։ Մի լկստված կատու ուներ, որ ինձ միանգամից չսիրեց (ի տարբերություն իր տիրոջ), վրաս ֆշշացրեց ու շուռ եկավ, գնաց խոհանոց։ Տանտերն սկսեց ակտիվորեն սուրճ սարքել եւ արագ-արագ բաներ էր պատմում։ Պարզվեց, որ վաղուց կնոջից բաժանվել է եւ մի զավակ ունի (արդեն չեմ հիշում՝ տղա՞, թե՞ աղջիկ)։ Սուրճի հետ մի ծռմռված պաղպաղակ բերեց, որ երեւի ամենաքիչը մի շաբաթ մնացել էր նրա սառնարանում, հալվել ու նորից սառել էր հոսանքի անջատում-միացումների ժամանակ։ Հազիվ էի մի երկու կըծ արել, երբ պաղպաղակի մի մեծ կաթիլ ընկավ շալվարիս։ Ես էլ որպես հայտնի պանիկյոր, վեր թռա ու սկսեցի թաշկինակովս մաքրել, իսկ քաչալ մորուքը ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
- Լավ, ինչո՞ւ ես հուզվում, ես կլիզեի...
Ես նրան թարս նայեցի։ Սրա հանաքներին նայի։ Ես էլ պիտի թողնեի, որ ծնկի գար իմ առաջ ու շալվարիցս պաղպաղակ լիզե՞ր։
Ինչեւէ, նստեցինք, նա բերեց մի քանի ալբոմ ու սկսեց ցույց տալ՝ առանց հարցնելու, թե ինձ հետաքրքրո՞ւմ է նկարչությունը։ «Այս ալբոմներից ամբողջ Հայաստանում չկա, ինձ հատուկ արտասահմանից են ուղարկել»,- պարծեցավ նա։ Ես, քաղաքավարությանը զոհ գնալով, նայում էի ինձ անծանոթ ժամանակակից նկարիչների ալբոմներ եւ լուռ էի մնում, իսկ տանտերը մի գլուխ խոսում էր՝ ձեռքը կպցնելով մեկ ուսիս, մեկ՝ ծնկիս, մեկ՝ թեւիս։ Մեկ էլ վերջին ալբոմը գրավեց ուշադրությունս։ Կոչվում էր «Էրոտիկան արվեստում»։ Լեհերեն էր կամ չեխերեն։ Սկսեցի ուշադիր նայել մինչ այդ ոչ մի տեղ չտեսած նկարների լուսանկարներ, որոնցից մի քանիսը շատ հետաքրքիր էին։ Բոլորը տկլոր կամ կիսատկլոր կանանց ու տղամարդկանց նկարներ էին՝ սեքսի տարբեր աստիճաններով, մինչեւ որ հասա մի նկարի, ուր համբուրվող տղամարդիկ էին։ Ահա այս նկարի վրա հայացքս մի քիչ ավելի երկար մնաց, եւ ես զգում էի, որ քաչալ մորուքը ուշադիր հետեւում է իմ ռեակցիային։ «Ըհը, հասնում է իր նպատակակետին»,- մտածեցի ես։ Նա էլ սկսեց ինչ-որ բան ասել, բայց հենց այդ պահին դռան զանգը տվին, եւ Մորուքը ջղայնացած վեր կացավ դուռը բացելու։
Միջանցքից գոռգոռոցներ լսվեցին։ Սենյակ մտավ մեկ այլ քաչալ, միայն թե՝ բեղերով։ Այս մի բիձան Մորուքից տարիքով փոքր կլիներ, բայց ավելի կլոր ձեւեր ուներ, ագրեսիվ հայացք եւ տեղում հանգիստ չէր մնում։ Տանտերը շատ դժգոհ էր երեւում անսպասելի հյուրի հայտնվելուց, դա նրա դեմքին պարզ գրված էր։ Բայց ստիպված եղավ մեզ ծանոթացնել.
- Կոլեգա, իմ երիտասարդ բարեկամն է...
Բեղավոր քաչալը քաղցր-քաղցր ժպտալով ձեռքս երկար-բարակ սեղմրտեց։ Երեւի մտածեց, թե ես իր ընկերոջ յարն եմ։ Հետո տանտիրոջից սուրճ խնդրեց, եթե չասենք՝ հրամայեց։ Ու մինչ վերջինս թթված երեսով խոհանոցում սուրճ էր սարքում՝ այս էքսցենտրիկ բիձան սկսեց երգել, կատուներին վախեցնել, բարձր-բարձր ինչ-որ բաներ խոսել հայերեն՝ ապլոմբով կարծիքներ հայտնելով նկարիչների մասին, որոնց ալբոմները տեսավ ժուռնալի սեղանին դրված։ Այդ ընթացքում ես փակել ու մի կողմ էի դրել էրոտիկ արվեստի մասին ալբոմը։ Հետո սկսեց ինձ հարցաքննել՝ նախորդի պես հետաքրքրվելով իմ գենետիկայով եւ մասնագիտությամբ։ Ու նորից նույն նախադասությունը.
- Ձեր դեմքին շատ ազնիվ բան կա, ձեր գանգի կառուցվածքը շատ ազնիվ է, որ ընդգծվում է ձեր շեկ գանգուրներով։ Բեմի համար պատրաստի կերպար եք։ Չէի՞ք ցանկանա երգել իմ խմբում...
Երգել խմբո՞ւմ։ Բայց սա էլ ճարտարապետ չէ՞, Մորուքը սրան կարծես թե կոլեգա ասաց... Ես ասացի, որ երգելու ոչ ձայն ունեմ, ոչ էլ սլուխ։ Այդ ժամանակ բեղավոր քաչալն սկսեց երկար ճառ ասել, որ բոլոր մարդիկ էլ ձայն ունեն։ ոսելու ժամանակ էլ անընդհատ կպչում էր մեկ ուսիս, մեկ՝ ծնկիս, մեկ՝ թեւերիս։ Սպիտակ մայկա էի հագել, ու մարմինս դեռ բանակից հետո լավ պարապած էր, պտուկներս տնկված երեւում էին շորիս տակից, նա էլ հա նայում էր դոշիս ու հաստատ ուզում էր դիպչել, բայց երեւի ռիսկը չհերիքեց։ Իսկ քաչալ մորուքը եկել-նստել ու դժգոհ նայում էր, թե ինչպես է իր անկոչ հյուրը փորձում մյուս հյուրին իր ձեռքից խլել։
«Սրանք ջահել վախտով հաստատ իրար շինել-մինել են։ Պառվաբոզ տեսել էի, պառվագյոթ էլ չէի տեսել՝ տեսա»,- մտածեցի ես ու հասկացա, որ ցվրվելու ժամանակն է։ Միանգամից տեղից բարձրացա ու ասացի.
- Ձեզ հետ հաճելի է, բայց ես պիտի գնամ։ Շնորհակալություն ամեն ինչի համար։
Քաչալ մորուքը վեր թռավ.
- Վայ, ո՞ւր ես շտապում, խնդրում եմ՝ մնա,- ու աչքով-ունքով ցույց էր տալիս, որ իբր հիմա բեղավորին կցրենք ու հանգիստ մեր զրույցը կշարունակենք։ Բեղավորն էլ իր կողմից սկսեց համոզել, որ մնամ։ Բայց դե հարիֆ չկար։ Ոչ թե նրա համար, որ վախում էի, թե այդ երկու ղզղնած բիձեքը կարող է ինձ բռնաբարեն։ Չէ մի։ Մի հատ օբերկոտ աջից կանեի, մի հատ էլ՝ ձախից, ու ամեն ինչ կվերջանար։ Իրենց մեծ բանի տեղ դնող ինտելիգենտների մի տեսակ կա, որ միշտ չեմ սիրել։ Պրետենցիոզ, որ կարծում են, թե ամեն ինչ գիտեն։ Ամեն ինչի մասնագետ են։ Չես հասկանում, ճարտարապետ են, թե երգիչ, թե մի ուրիշ բան։ ոսում են շտամպներով ու ամեն ինչ քննադատում են։ Գուցե երկուսն էլ լավ մարդիկ են, բայց դե մի օրվա համար երկու քաչալ բիձեքը շատ են։
Տանտերը խնդրեց, որ իրեն այցելեմ, ու ինձ տվեց իր հեռախոսի համարը, որը ես անմիջապես իրենց մոտքից դուրս գալուց հետո ճմռթեցի ու գցեցի։ Դուրսը հանգիստ շունչ քաշեցի, կարծես ազատվել էի մի շատ տհաճ բեռից։ Էհ, երեւի սա էլ էր պետք, էլի լավ է, որ մի տհաճ բան չպատահեց։ «Երեւի տանը հիմա երկու քաչալներով կռիվ են անում»,- չարությամբ ու գոհությամբ մտածեցի ես։
Դրանից հետո փողոցում ինչքան տեսնում էի քաչալ մորուքին՝ ճամփաս փոխում էի։ Մի անգամ էլ հետեւիցս ձայն տվեց, բայց ես չլսելու տվեցի։ Թող իմանա, որ ես իր հետ գործ չունեմ։
Անցավ երկու կամ երեք տարի։ Մի անգամ անցնում էի քաչալ մորուքի շենքի մոտով, երբ նրա մուտքի մոտ դագաղի կափարիչ տեսա։ Պանիխիդայի ժամն էր, մարդիկ էին մտնում-դուրս գալիս։ Անմիջապես մտքովս անցավ, որ քաչալ մորուքն է մահացել։ Առանց երկար-բարակ մտածելու՝ բարձրացա նրա տուն։ Տան դուռը բաց էր։ Տանտերն էլ՝ դագաղի մեջ պառկած։ Մորուքը լրիվ սպիտակել էր։ Բայց դեմքը նիհար չէր։ Ես խոսակցություններից հասկացա, որ սրտից է մահացել։ «Ախր շատ էր ծխում ու խմում, իրեն չէր խնայում»,- ասացին։ Ես հանկարծ շատ տխրեցի։ Մեղք էր, լավ մարդ էր։ Ուզում էր հետս մտերմանալ, այն էլ՝ ես չուզեցի։ Չգիտեմ, խոզություն արեցի երեւի։ Հիմա, երբ արդեն այդ մարդը չկա, մտածեցի, որ ինձնից մեծ բան չէր գնա, եթե մեկ-մեկ հանդիպեի, խոսեինք արվեստից, թեկուզ նաեւ իր եւ իմ սեռական օրիենտացիայի անվերջանալի թեմայից։ Իհարկե թույլ չէի տա շալվարիս թափված կաթը լիզել, էլ չեմ ասում ուրիշ բաների մասին, բայց երեւի պետք չէր այդպես խիստ լինել նրա հետ։
Սենյակում մռայլ նստած էր նաեւ բեղավոր քաչալը։ Ինձ անմիջապես ճանաչեց, եկավ, ձեռքս բռնեց ու սկսեց խոսել ու խոսել։ Մարդիկ մեզ էին նայում։ Մտածեցի, որ մարդիկ երեւի մտածում են, թե այս բեղավորը հանգուցյալի կյանքի առաջին տղան է եղել, իսկ շեկ ջահելը՝ վերջինը։ Թող մտածեն։ Այդ միտքն ինձ մի քիչ մխիթարեց։ Գոնե թող հետմահու մի քիչ, աննշան հաճելի լինեմ ինձ հետ այնպես մտերմանալ ուզող մորուք քաչալին...
Զզվելի երազ
Ասում են՝ կան երազներ, որ մարդ ամբողջ կյանքի ընթացքում տեսնում է։ Ես մի այդպիսի երազ ունեմ, որ ահա տասնհինգ տարուց ավելի է՝ տարին գոնե մեկ անգամ տեսնում եմ։
Բայց գոնե հաճելի լիներ այդ երազը։
Ճիշտ հակառակը։ Տեսնում եմ՝ տառականների մի զորք մտնում է հենց այն սենյակը, որտեղ ես քնած եմ, ու իրար վրա ելնելով՝ բարձրանում է իմ մահճակալի վրա, մտնում անկողինս, վերմակի տակ, բարձրանում, մտնում ծոցս... Ու ամբողջ երազի ժամանակ զգում եմ, որ մարմնիս վրա հազարավոր տառականներ են ման գալիս, ղդիկ տալիս, մտնում թեւերիս տակ, մայկայիս տակ, տրուսիկիս մեջ, քիթս, ականջներս, բերանս, բոլոր տեղերը, որտեղ հնարավոր է մտնել։ Ու երբ որ բերանս շատ լիքն են լցվում, այ էդ ժամանակ էլ չեմ դիմանում, գոռում եմ ու զարթնում...
Ինչպես տեսնում եք, շատ զզվելի երազ է, ու ամեն անգամ էդ երազը տեսնելն ինձ համար ստրես է։ Կյանքում որովհետեւ տառականներից ոչ միայն շատ-շատ զզվում եմ, այլ նաեւ վախենում եմ։ Միայն թե՝ այս երազի մեջ մի տարօրինակ բան կա։
Տառականները ոչ թե սեւ են, այլ դեղին են։
Ուրեմն պատկերացրեք դեղին տառականների մի զորք հարձակվում է ձեզ վրա։ Փայլփլուն տառականներ, սենյակի մեջ լույս են տալիս ու ելնում վրադ, մտնում ծոցդ եւ բոլոր անցքերդ։
Հետաքրքիրն այն է, որ ես երազում տեսնում եմ ճիշտ այն սենյակը, որտեղ քնած եմ այդ պահին։ Լինի մեր տանը, դաչայում, բարեկամի տանը, թե հյուրանոցում։
Մի քանի մարդու հարցրել եմ, թե ի՞նչ պատճառով եմ ես հաճախ այսպիսի զզվելի երազ տեսնում, ու տարիների հետ դա չի անցնում։
Մի տիկին ինձ շատ լուրջ ասաց. «Դեղին տառական... դա նման է ոսկու։ Դու փող շատ ես սիրում ու միշտ փողի մասին ես մտածում, այդ պատճառով էլ դա ես տեսնում»։
Մի ուրիշ տիկին էլ, ավելի երիտասարդ, բացատրեց այսպես. «Դա քո չբավարարված սեքսուալ ֆանտազիաների մասին է խոսում»։
Երկուսն էլ ինչ-որ չափով ճիշտ են։ Բայց ո՞վ չի փող սիրում այս կյանքում։ Թող մեկն ինձ ասի, թե ինքը չի ուզում շատ փող ունենալ։ Եվ ո՞վ չունի չբավարարված սեքսուալ ֆանտազիաներ։ Բայց երկուսից ոչ մեկն էլ ինձ համար իդեա -ֆիքս չեն եղել։ Փողի եւ սեքսի կարիք գրեթե երբեք չեմ ունեցել։ Ուրեմն ո՞րն է բացատրությունը։ Եթե երկու տիկինների ասածները միացնենք իրար, ուրեմն դեղին տառականը փողի եւ սեքսի սիմվոլն է, այսինքն՝ փողով սեքսի՞։ Բայց ես այդ մի բանը երբեք չեմ ընդունում։ Ինչ-որ տեղ կարդացել, թե լսել եմ, որ հայրը խորհուրդ է տալիս տղային. «Տղաս, կյանքում երկու բանի համար փող չտաս՝ սեքսի եւ քո աշխատանքի տեղի գրենական պիտույքների»։ Երբ Իսպանիայում էի, այնտեղ ջահել տղաներն ու աղջիկները շատ էժան գներով սեքս էին անում։ Եվ շատ էլ գեղեցիկ էին, ցանկալի։ Բայց ես, չէ, չուզեցի ոչ մի կոպեկ տալ նրանց, քանի որ գաղափարն արդեն ինձ համար անընդունելի է։
Այս տողերը գրում եմ Ամստերդամում, հյուրանոցում։ Այս գիշեր երազումս տեսա հենց այս նույն հյուրանոցի սենյակը ու էլի նույն սյուժեն...
Ուրեմն ո՞նց անեմ, որ այլեւս այդ զզվելի երազն ինձ մոտ չգա...